Նախագահական ընտրություններից և այն բանից հետո, երբ Կիևում նոր իշխանությունը կարողացավ հավասարակշռություն ապահովել Ռուսաստանի և Արևմուտքի հետ փոխհարաբերություններում (առավել ևս, որ համաշխարհային միտումները նպաստեցին դրան), երբ «նարնջագույն հեղափոխության» պարագլուխները թուլացրին բողոքների թափը, ենթադրվում էր, թե ՈՒկրաինայում այլևս բավականին երկար ժամանակ չեն սպասվի քաղաքական լուրջ սրացումներ։ Եվ այդ կայունության, թվում է, թե ցայտուն ապացույցը կարելի էր տեսնել ոչ միայն իշխանության հավաստիացումներում, այլև երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ աշխարհում ընդհանուր, անչափ բարյացակամ վերաբերմունքի մեջ։
Այսպես, օրերս հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել, ընդ որում` միաձայն, կազմակերպության մեջ ՈՒկրաինայի նախագահությանը 2013 թվականին։ Նախագահ Յանուկովիչը, ինքնին հասկանալի է, տեղնուտեղը եզրակացրեց, թե այդ որոշումը ժողովրդավարական հասարակություն կառուցելու ասպարեզում ՈՒկրաինայի նվաճումները և, անշուշտ, այդ «ակներև հաջողություններում» իր անձնական ներդրումը միջազգային հանրակցության կողմից բարձր գնահատականի արժանանալու ապացույցն են։ Իսկ այդ ընթացքում նրա քաղաքացիները «հաջողեցրին» մի գդալ ձյութ ավելացնել Բրյուսելում գտնվող իրենց նախագահի «մեղրալի հրճվանքին»։ Նոյեմբերի 22-ին ուկրաինացի ձեռնարկատերերը Կիևի կենտրոնական հրապարակում բողոքի անժամկետ գործողություն սկսեցին նոյեմբերի 18-ին ընդունված հարկային նոր օրենսգրքի դեմ։ Միանգամայն հատկանշական է և, հավանաբար, պատահական չէ, որ հանրահավաքներն սկսվեցին հենց «նարնջագույն հեղափոխության» հերթական տարեդարձի օրը, իսկ Նեզալեժնոստի հրապարակում առաջին իսկ օրը, ըստ որոշ գնահատումների, մինչև 100 հազար մարդ հավաքվեց։ Հաղորդվում է, որ բողոքի համանման ելույթներ տեղի ունեցան նաև ուկրաինական այլ քաղաքներում։ Ճիշտ է, սկզբում, ի տարբերություն «նարնջագույն հեղափոխության» ժամանակաշրջանի, հանրահավաքների մասնակիցներն անվստահություն հայտնեցին բացարձակապես բոլոր քաղաքական գործիչներին` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության։ Այդ իսկ պատճառով որոշ քաղաքագետներ սկսեցին վստահեցնել, թե բողոքի զանգվածային գործողությունները հեղափոխության չեն վերածվի, և Վիկտոր Յանուկովիչի թիմին ոչինչ չի սպառնում։ Ի դեպ, գործողությունների մասնակիցները հորդառատ անձրևի ներքո շատ արագ հասցրին վրաններ խփել, որոնցում արդեն գիշերը շուրջ 100 ակտիվիստներ էին հերթապահում։ Նշվում է, որ առավոտյան կողմ, չնայած կտրուկ ցրտելուն, մասնակիցների թիվն ավելացավ։ Չանտեսվեց նաև ավանդական ուկրաինական յուրահատկությունը` քաղաքական ձեռնարկումը գունագեղ շոուի վերածելու ձգտումը։ Մարդիկ բռնել էին սև դրոշներ (որոնց վրա պատկերված էին գանգեր), պսակներ, «նարնջագույն հեղափոխության» ժամանակների դրոշներ, ցավակցողների շվիներ և ձկան կմախքներ, թե իբր նման կմախքների են ցանկանում վերածել իրենց` ձեռնարկատերերին։ Կոչերի ու ճառերի արանքներում հրապարակում մարտական ոգին սկսեցին պահել ինքնուս կատարողներն ու հանրահայտ ուկրաինացի արտիստները։ Նշվում է, որ կիևցիներն ակնհայտորեն համակիր են գործողություններին և բառացիորեն անմիջապես սկսեցին վրանավան բերել մթերք, թեյ, տաք իրեր ու վերմակներ։ Այսինքն, ասես, վերստեղծվել էր գունագեղ «ուկրաինական ազատավայրը»։ Ընդ որում, Մայդանը, շատ դիտորդների կարծիքով, անկեղծ, իրական և իսկական բողոքն է այն մարդկանց, որոնց համար հիրավի լուրջ խնդիրներ են ծագել։ Դրանով, նշում են փորձագետները, այն արմատապես տարբերվում է կեղծ մայդաններից, որոնք քիչ չէին վերջին տարիներին։
Շատ հավանական է, որ դա, իրոք, այդպես է։ Համենայն դեպս, դեռևս Եվրոպայում գտնվող պետության ղեկավարը «արձագանքեց» շատ արագ։ Նա բողոքողներին անվանեց «կաշառասուն» և հայտարարեց, թե հարկային օրենսգրքի շուրջ բանավեճում «քաղաքական մեծ բաղկացուցիչ» կա։ Լավ «կերակրված» լրագրողները ոչ միայն ՈՒկրաինայում, այլև Ռուսաստանում բառացիորեն անմիջապես սկսեցին գրել, թե դա «հերթական երշիկային խռովությունն է», «չարաշահորդների և վերավաճառողների հեղափոխություն», որոնց փորձում են իրենց նպատակների համար օգտագործել «հետնապահ անկախականները»։ Առանձնապես ջանադրաբար էին գործում նախագահի ու վարչապետի մերձավոր շրջապատի քաղաքական գործիչները։ Նրանք հին ավանդույթով սկսեցին համոզել, թե հանրահավաքներ անողները «թնդանոթի միս են», որն այդ ամենից կտուժի, իսկ նրանց օգտագործողները «թաքնվում են Սիցիլիայում, Կորսիկայում, օֆշորային գոտիներում» (աշխարհագրական այդ ցուցակն ակնհայտ, բայց ոչ շատ խելամիտ ակնարկ է միջազգային քրեական աշխարհի հասցեին)։ Ընդ որում, իբրև կախարդական խոսք, սկսեցին պնդել, թե «Մայդան-2» չի լինի, քանի որ «այլևս հիմարներ չեն մնացել», այդուհանդերձ, եթե ձեռնարկատերերը շարունակեն մոլեգնել, պետք է «ծանր պատիժ» կրեն։ Ասենք, չնայած այդ հոխորտանքին, իշխանություններն այնքան էլ լավատես չեն և բավականաչափ լուրջ են վերաբերվում տեղի ունեցող իրադարձություններին։ Համենայն դեպս, Կիևի դատարանի որոշմամբ, քաղաքի կենտրոնում արգելվեցին զանգվածային միջոցառումները (կամ արտասահմանյան պատվիրակությունների, կամ էլ տրանսպորտի պատճառով), առաջարկվեց դրանք տեղափոխել ավելի հեռավոր հրապարակներ։ Իսկ միլիցիան, ինչպես հաղորդվում է, թույլ չէր տվել 140 ավտոբուսներով երկրի տարբեր տարածաշրջաններից բողոքավորների մուտքը Կիև։ Սակայն այդ սպառնալիքները հանրահավաքների մասնակիցներին միայն կատաղեցրին։
Ձեռնարկատերերը հայտարարեցին, որ մտադիր չեն կատարելու դատարանի որոշումը և հեռանալու Մայդանից։ Նկատենք, որ բողոքի գործողությանն արդեն սկսել են միանալ ընդդիմադիր քաղաքական գործիչներ` Յուշչենկոյի և Տիմոշենկոյի արմատական կողմնակիցներից մինչև առավել նոր և ավելի ժողովրդականություն վայելող ընդդիմադիր կազմավորումներ։ Դեռ ավելին, երբ հայտնի դարձավ հանրահավաքը ցրելու մասին, հրապարակում ինքնատիպ լուծում մտահղացան. վրաններին «Ժողովրդական պատգամավորի ընդունարան» մակագրությամբ ցուցանակներ փակցրին։ Պատգամավորները մշտապես գտնվելու են վրանավանում, այդ թվում և` գիշերը, որպեսզի աջակցեն հանրահավաքի մասնակից ձեռնարկատերերին։ Այժմ, ինչպես հայտարարում են «Ժողովրդական ինքնապաշտպանության» ներկայացուցիչները, «ոչ ոք իրավունք չունի քանդելու դրանք կամ նույնիսկ ձեռք տալու»։ Անչափ հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ եթե բողոքների սկզբում շարքային ձեռնարկատերերը կազմակերպիչներին խնդրում էին քաղաքական գործիչներին թույլ չտալ բողոքի գործողությունն օգտագործել իրենց նպատակներով, ապա շատ արագ նրանց պահանջներն էլ սկսեցին ակնհայտ քաղաքական երանգ ընդունել։ Այժմ, հարկային օրենսգիրքը չեղյալ հայտարարելուց բացի, նրանք նախաձեռնել են ստորագրություններ հավաքել նախագահին և Գերագույն ռադային վստահության հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու պահանջի ներքո։ Դրա համար ուկրաինական օրենսդրությամբ պահանջվում է 3 մլն ստորագրություն, իսկ ինչպես նշում են ձեռնարկման կազմակերպիչները, «փոքր ու միջին բիզնեսը երեք-չորս մլն մարդ են, գումարած մեր աշխատակիցները, ընտանիքները, բարեկամները»։ Այսինքն, դատելով ըստ ամենայնի, ՈՒկրաինայում նոր հարկային օրենսգրքի դեմ ուղղված բողոքի գործողությունները հետզհետե ավելի շատ են հիշեցնում 2004-ի իրադարձությունները։
Փորձենք հասկանալ, թե ինչն է մարդկանց դուրս բերել փողոց։ Անցյալում բնակչության զբաղվածության վիթխարի սպառնալիքը նախորդ իշխանությանը դրդել էր մտցնելու փոքր բիզնեսի զարգացման ամենապարզ արարողակարգը` «միասնական հարկ»։ Այժմ այդ դրույթը կփոխվի։ Ընդ որում, ինչպես համոզում են շատ փորձագետներ, նոր հարկային օրենսգրքում կանոններն «ուղղված են ոչ թե ՈՒկրաինայում ձեռնարկատիրության կարգավորման մեխանիզմների բարելավմանը, այլ փոքր ու միջին բիզնեսի վերջնական ենթարկմանը տնտեսական խոշոր կապիտալին»։ ՈՒկրաինական իշխանության այդ գործողությունները, կարծում են, թույլ կտան կարճատև հեռանկարում փոքր-ինչ բարելավել բյուջեն լցնելու ցուցանիշները։ Բայց միջնաժամկետ հեռանկարով դրանք կհանգեցնեն փոքր ձեռնարկությունների զանգվածային փակման, ինչը ոչ միայն կտրուկ կնվազեցնի գանձատան եկամուտները, այլև կհանգեցնի գործազրկության աճի ու սոցիալական անկայունության։ Հարկային օրենսգիրքը սոսկ մեկն է ստորին դասակարգի նկատմամբ բարձրագույնի վերաբերմունքի դրսևորումներից, և այն կոչնչացնի բոլորի բիզնեսը, բացի հենց խոշոր կապիտալից։ Արդեն ոչ ոքի չեն համոզում իշխանության «խրտվիլակները», որ եթե նախագահը չստորագրի հարկային օրենսգիրքը, ապա «մեզ պարզապես այլևս փող չեն տա ԱՄՀ-ի վարկից», և թե «ընդհանրապես երկրի սնանկացման» վտանգ գոյություն ունի։ Առավել ևս, որ ընդդիմության ներկայացուցիչները շտապեցին հանդիպում ունենալ ԱՄՀ-ի ներկայացուցչության հետ, և հայտարարեցին, որ հիմնադրամը չի պահանջել «փոքր ու միջին բիզնեսը ոչնչացնելու ընդունակ հարկային միջոցներ մտցնել»։ Այսպես, ուկրաինացի հայտնի տնտեսագետ Իգոր Լուցենկոն պարզաբանեց, որ ԱՄՀ-ն չէր էլ կարող նման բան պահանջել. «Արժույթի միջազգային հիմնադրամում, ի տարբերություն ուկրաինական կառավարության, պրոֆեսիոնալներ են աշխատում»։ Միանգամայն հատկանշական է, որ բոլոր ճյուղային արհմիությունների և միավորումների ղեկավարները նախագահից պահանջում են չստորագրել և գործողության մեջ չդնել հարկային օրենսգիրքը։
Համապատասխանաբար, տարբեր ուժերի և հասարակայնության այդ ընդհանրությունը թելադրում է ներկայիս վիճակի եզակի առանձնահատկությունները. ի տարբերություն 2004 թվականի, երբ երկիրը, փաստորեն, պառակտվել էր արևելքի և արևմուտքի, այժմ ՈՒկրաինայի բոլոր տարածաշրջանները միավորված են մի գաղափարով, և դիմակայությունն արդեն տեղափոխվել է այլ հարթություն. «միջին դասակարգը դեմ է օլիգարխներին»։ Ընդգծում են, որ հավաքվածների գերակշիռ մեծամասնությունը` 60-70 տոկոսը, հարավարևելյան ՈՒկրաինայի ձեռնարկատերերն են, այսինքն` երկրի այն մասի, որի վրա հենվում են «Տարածաշրջանների կուսակցությունը» և նախագահը։ Ավելին, նրանք պնդում են, որ «այնտեղ մարդիկ է՛լ ավելի են վրդովված, քան արևմտյան և կենտրոնական ՈՒկրաինայում, որովհետև արևմուտքում կամ կենտրոնում այս իշխանությունից ոչ մի լավ բան չէին էլ սպասում»։ Հաղորդվում է, որ համանման տրամադրություններ են առկա Դոնեցկում` Յանուկովիչի հարազատ քաղաքում, և հենց այն, ինչ «ասում են Դոնեցկը, Օդեսան, Ղրիմը, վկայում է, որ այդ բաները դժվար է խցկել շշի մեջ»։ Օրինակ, հասարակագետ Սերգեյ Տարանը համաձայն է, որ ՈՒկրաինայում հեղափոխական իրավիճակի նախադրյալներ են առաջացել. «Ո՛չ նախկին նարնջագույն վերնախավը, ո՛չ ներկայիս իշխանությունը հասարակությանը չեն առաջարկել ոչ միայն բարենորոգումների ծրագիր, այլև նույնիսկ գաղափարաբանություն, որոնք ընդունակ լինեն մոտ ապագայում հանգեցնելու երկրի բարգավաճման և շարքային քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման»։ Սակայն, նրա կարծիքով, հենց այն պատճառով, որ բողոքի գործողությունների մասնակիցները հայտնի քաղաքագետներից ոչ մեկին չեն վստահում և իրական այլընտրանք չեն տեսնում, ՈՒկրաինայում իշխանության փոփոխումը տվյալ փուլում անհնար է։ Այդուհանդերձ, «իշխանության համար առաջին տագնապալի զանգն արդեն հնչել է»։ Իսկ առջևում դատական համակարգի բարենորոգումն է, կենսաթոշակային բարենորոգումը, բժշկական բարենորոգումը, վարչական բարենորոգումը, կրթության համակարգի բարենորոգումը։ Եվ եթե այսօր հատուցում են միայն ձեռնարկատերերը, ապա ամեն մի հաջորդ բարենորոգման համար, հավանաբար, կվճարեն բոլորը։ Այդ դժգոհությունը, շատ հավանական է, որ սաստկացնի, ասես կրակի վրա յուղ ավելացնի նաև Գերագույն ռադայի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթաց սկսելուց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրաժարվելը։ Ընտրությունները, Սահմանադրության համաձայն, պետք է տեղի ունենան 2011-ի մարտին։ Բնակչության մի մասի համար նվազ կամայական չի թվում նաև ժողովրդի ընտրած Կիևի քաղաքագլուխ Չեռնովեցկուն պաշտոնանկ անելը։
Այսպիսով, քաղաքագետների մեծ մասը հոռետեսորեն է գնահատում հեղափոխության հեռանկարները, ընդ որում, չբացառելով նաև տրամադրությունների սաստկացումը, եթե «իշխանությունն իրեն սխալ պահի» և արմատականորեն։ Իսկ Յանուկովիչն արդեն խոստացել է ուշադիր ուսումնասիրել փաստաթուղթը (հետաքրքիր է, նա ի՞նչ էր անում մինչ այդ), խոսել բողոքող ձեռնարկատերերի հետ, իսկ հետո միայն որոշում ընդունել` ստորագրել, թե ոչ։ Նա խոստովանել է, որ իշխանությունը ստիպված կլինի դիմելու որոշ զիջումների, թեև ձեռնարկատերերի պահանջները կկատարվեն «ոչ հարյուր տոկոսով»։ Այնպես որ, փոխզիջում դեռևս հնարավոր է, հնարավոր է նաև, որ «հեղափոխությունը ծավալվի»։
Այդ ամենով հանդերձ, արդեն ակներև է, որ ներկայիս վարչակազմն առաջիկայում չի կարող դյուրին կյանք ակնկալել։ Ամբողջ անցած ժամանակամիջոցում և հատկապես երկրի «նարնջագույն հատվածում» քաղաքացիներին հաջողվեց իրապես ՈՒկրաինայում ապահովել քաղաքական ազատության զգալի աստիճան (ավելի շատ, քան Ռուսաստանում և հետխորհրդային տարածքի մյուս երկրներում), իրական բազմակուսակցականություն և ձևավորված քաղաքացիական հասարակություն։ Այստեղ սիրում և կարողանում են պայքարել իրենց իրավունքների համար։ Եվ հենց դա է բնակչության մի մասի բիզնես-շահերի ոտնահարմանը նման կտրուկ ու բավականաչափ զանգվածային հակազդեցության սկզբնապատճառը։ Չէ՞ որ ակներև է, և դա լավ են հասկանում ուկրաինացի բոլոր քաղաքական գործիչները, որ իշխանության նկատմամբ տնտեսական պահանջները իրական ժողովրդավարության նույնքան կարևոր նախանշան են, որքան քաղաքական պահանջները։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ